Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Գետնամորի անտառային - Земляника лесная - Fragaria vesca L.

Գետնամորի անտառային - Земляника лесная - Fragaria vesca L.

Հայկական տարանունները - գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մոր, վայրի ելակ

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է, 5-15 սմ բարձրության: Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևիկներից: Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության: Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն: Պտուղները կլոր կամ կոնաձև են: Հասունանում են ծաղկելուց 1 ամիս հետո: Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով: Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ: Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին: Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում և այլուր: Բույսը ցրտասեր է: Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն: Գետնամորու կուլտուրական տեսակը համարվում է հանրածանոթ ելակը:

 

Քիմիական բաղադրությունը: Գետնամորու պտուղներում հայտնաբերված է մինչև 6% շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցիանային միացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով (մինչև 19%), տերևները` C վիտամինով (մինչև 380 մգ%), իսկ արմատները և կոճղարմատը` տանինով (մինչև 9%): Բույսի մեջ հայտնաբերված է ֆրագարին գլիկոզիդը: Ա.Ա. Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող սպիտներով:

 

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակներ էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև: Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղները շուտ են փչանում, իսկ շոգին` շուտ թորշոմում: Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում: Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրենց նախնական վառ կարմիր գույնը: Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը: Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում են ներսից թղթով պատրաստված պաստառված փայտյա արկղիկների մեջ: Չորացած պտուղները պահում են թիթեղյա տուփերում: Հումքի պիտանելիությունը 1- 2 տարի է: Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով:

 

Որպես դեղաբույս գետնամորին հիշվում է XIII դարից: Այն լայնորեն օգտագործում են աշխարհի տարբեր ժողովուրդները: Այսպես, հայրենական ժողովրդական բժշկության մեջ գետնամորին օգտագործվում է ախորժակը լավացնելու, մարսողությունը կարգավորելու համար: Միաժամանակ համարվում է որպես հակաբորբոքիչ, ցավազրկող և վերքամոքիչ միջոց: Օգտագործվում է նաև միզուղիների և լեղուղիների քարային հիվանդության, պոդագրայի և հեպատիտների ժամանակ: Տերևների եփուկն օգտագործում են շնչահեղձության, արգանդային արյունահոսության, խոցային հիվանդության, գաստրիտների, ուժերի անկման, անեմիայի, հիպերտոնիկ և սրտային հիվանդությունների, աթերոսկլերոզի ժամանակ: Թարմ տերևները դնում են հնացած վերքերին, իսկ պտուղներն օգտագործում են թեյի ձևով` մարմնի ցրտառական հիվանդությունների, լնդախտի և ատամնաքարի դեպքում: Գերմանիայում այն օգտագործվում է լեղաքարային, նյարդային և փայծաղի հիվանդությունների, գաստրիտների, բրոնխիալ ասթմայի, անքնության, հոգնայի ձևով` թութքի, կոմպրեսի ձևով` թացացող և արյունահոսող վերքերի, ուտելու ձևով` բերանի վատ հոտի ժամանակ և այլն:

 

Լեհաստանում օգտագործում են աթերոսկլերոզի, երիկամների և միզապարկի մի շարք հիվանդությունների, հատկապես միզուղիների ավազի և քարի, պոդագրայի, մաշկային հիվանդությունների և նյութափոխանակության որոշ խանգարումների ժամանակ: Անգլիայում տերևների եփուկն օգտագործում են բերանի վերքերի և տոնզիլիտների ժամանակ` ողողման ձևով, իսկ պտուղները` տարբեր բնույթի ջերմերի և փորկապության դեպքերում: Բուլղարիայում` ամբողջական բույսը, պտուղների հետ միասին, եփուկի ձևով օգտագործում են լեղուղիների և միզուղիների քարային դիաթեզի, պոդագրայի, բրոնխիտների և կոմպրեսի ձևով` մաշկի թարախապալարների ժամանակ: Ուկրաինայում գետնամորին ունի մասսայական կիրառում: Այս տեսակետից ուշագրավ են Մ.Ա. Նոսալի տվյալները: Նա նշում է, որ եթե երիզորդով հիվանդն ընդունի մեծ քանակությամբ պտուղներ, որից հետո` սոխ և սելյոդկա, ապա որդը կընկնի գլխիկով: Բուժման այս եղանակը, որ բացարձակապես անվնաս է, իրեն արդարացնում է նաև ասկարիդային, սրատուտային և մազագլխիկային ճիճվակրությունների դեպքերում: Հարկ եղած դեպքում բուժումը կարելի է կրկնել մի քանի օր: Հեղինակը նշում է նաև դրական արդյունք էկզեմայի բուժման դեպքում, երբ դեղաբույսի հասուն պտուղները տրորում են և հաստ շերտով դնում մաշկի ախտահարված մասին: Այս դեպքում մաքրվում են կեղևները, դադարում քորը, հեղուկների արտահոսը, վերանում վատ հոտը: Մեջբերելով Կնեյպի կենսափորձը, Մ.Ա. Նոսալը նշում է, որ «այն տանը, որտեղ շատ են օգտագործում գետնամորի և հավամրգի, բժշկի կարիք չի զգացվում»:

 

Աշխարհի շատ ժողովուրդների կողմից գետնամորին օգտագործվում է կոլիտների, դեղնուկի, թոքային պալարախտի, ուռուցքների, հին խոցերի և մաշկի ցանավորումների, աղային փոխանակության խանգարումների, արգանդային արյունահոսությունների (բարձրացնում է արյան մակարդելիությունը), ռախիտի, գեղձախտի, որքինի, գիշերային քրտնարտադրության և այլ հիվանդությունների ժամանակ: Ն.Գ. Կովալևայի տվյալներով, պտուղների տևական կիրառումը դրականապես է անդրադառնում հիպոքրոմ երկաթ-դեֆիցիտային անեմիայով տառապող հիվանդների արյան կազմի վրա: Վերջերս ուշագրավ տվյալներ են արձանագրել Կ. Բ. Բալիցկու և աշխատակիցների կողմից: Հեղինակները բույսի տերևների եփուկի օգտագործումով որոշակի հաջողության են հասել չարորակ ուռուցքների բուժման ասպարեզում: Իսկ նույն տերևների թուրմը, Ն.Գ. Կովալևայի փորձնական տվյալներով, ներերակային կիրառման ձևով, իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում սրտի ռիթմը, խորացնում վերջինիս կծկման ամպլիտուդան, լայնացնում ծայրամասային անոթները, միաժամանակ ուժեղացնում արգանդի կծկումները, ունենում միզամուղ ազդեցություն:

 

 

Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկվում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար: Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրայի բուժման ժամանակ: Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցիդային հատկություններով (Ա.Ս. Բոնդարենկո, Ս.Ի. Զելեպուխա):

 

Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում` դեմքի մաշկի պեպենների, բծերի, պզուկների վերացման համար: Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից` խառնված ձվի հարած սպիտակուցի հետ, դեմքին դնում են դիմակներ (1 թեյի գդալ պտղահյութը` 1 ձվի սպիտակուցին): Կոմպրեսի ձևով կարելի է օգտագործել նաև պտուղների ջրաթուրմը: Գետնամորու որոշ բուժական հատկանիշներ (միզամուղ, քրտնամուղ, ցավ հանգստացնող և այլն) ավելի են ուժեղանում, երբ պտուղները կամ տերևները, հավասար չափերով, խառնում են կեռասի և բալի հետ, իսկ մեր տվյալներով, դարձյալ հավասար չափերով` կատվախոտի արմատի և սրոհունդի հետ: Այդ խառնուրդից` 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո օգտագործելիս, դրական արդյունք ենք ստացել սրտխփոցների, սրտային առիթմիաների, անքնության և ցրտառական հիվանդությունների ժամանակ: Թուրմը ընդունվել է օրական 1/2 բաժակ, 2 անգամ, 2-3 շաբաթ տևողությամբ: Խառնուրդն ունի նաև միզամուղ և քրտնամուղ հատկություններ, որոնց շնորհիվ դրական արդյունք է տալիս շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ:

 

Կիրառման եղանակները: Պտուղներից ստացված թարմ հյութը խմում են օրվա մեջ 4-6 ճաշի գդալ, քաղցած վիճակում: Չորացրած պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ հումքին ավելացնում են 1 բաժակ եռման ջուր, թրմում 1 ժամ և ըմպում 1/2 բաժակ` օրական 2 անգամ: Տերևներից եփուկ պատրաստելու համար 50 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, որից հետո ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ կամ` 1 ճաշի գդալ մանրացրած տերևները լցնում են 1 բաժակ ջրի մեջ, եռացնում 15-20 րոպե, հովանալուց հետո ըմպում ամբողջ օրվա ընթացքում, կամ` 3 գ չոր տերևները 400 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են կումերով` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 1 ճաշի գդալ տերևը 2 բաժակ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ընդունում են 1/2 բաժակ` օրական 2 անգամ, կամ` 20 գ տերևը 200 մլ եռման ջրում եռացնում են 5-10 րոպե, թողնում 2 ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Եփուկ կարելի է պատրաստել նաև ամբողջական բույսից (արմատով, կոճղարմատով, ցողունով, ծաղիկներով և տերևներով): 20 գ հումքը 200 մլ ջրում 30 րոպե եռացնելուց հետո կարելի է ընդունել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Տերևներից, արմատներից և ծաղիկներից առանձին-առանձին կարելի է պատրաստել ջրաթուրմ: 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո օրվա մեջ ընդունում են 2 անգամ: Ճարպակալման, դիաթեզների և կլիմակտերիկ խանգարումների ժամանակ նյութափոխանակությունը խթանելու նպատակով վերցնում են 40 գ գետնամորու տերևներ և 20-ական գրամ ուրց, գետնաստղ և պատրինջի տերևներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ` օրվա մեջ 2-3 անգամ:

 

 

Լեղաքարային հիվանդության ժամանակ վերցնում են 5-ական գրամ վաղենակ, կեչու տերև, չորածաղիկ, գիհու և սամիթի սերմեր, 10-ական գրամ գետնամորու պտուղ, երիցուկ, մասրենու ծաղիկներ, 15-ական գրամ ձիաձետ, եգիպտացորենի մազիկներ, մասրապտուղ, խատուտիկի արմատ և 20 գ անթառամ: Այս խառնուրդից 6 գ եփել 0,5 լ եռման ջրում մի քանի րոպե, թրմել 30 րոպե, քամել ու ըմպել 3/4 բաժակ, օրական 3 անգամ` ուտելուց 10-15 րոպե առաջ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Անցյալում գետնամորու պտուղները, ծաղիկները և տերևները փոխարինել են թեյին: Հասուն պտուղներով հրապուրվում են սողուններն ու թռչունները: Գետնամորին մեղրատու է: Պտուղներն ուտում են թարմ վիճակում, շաքարով, կաթով, սերուցքով: Նրանցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, օշարակ, պովիդլո, մարմելադ, կոնֆետի խորիզ, գինի, թրմօղի, էսենցիա, դոնդող, հովացնող խմիչքներ, պաստեղ և այլն: Թարմ պտուղները հիանալի հագեցնում են ծարավը, գրգռում ախորժակը, աշխուժացնում ստամոքսաաղիքային տրակտի գործունեությունը: Պտուղները շատ օգտակար են երեխաների համար որպես լիարժեք, ընդհանուր կազդուրիչ սնունդ:

 

Սակայն պատք է նշել, որ պտուղները որոշ մարդկանց մոտ առաջացնում են ծանր ալերգիկ երևույթներ, որոնք արտահայտվում են մոլոքորով, որովայնի ցավերով, նողկանքով, փսխումներով, գլխապտույտով, սրտխփոցներով, լուծով և այլն:

 

Գետնամորին ունի նաև տեխնիկական կիրառում. պտուղների հյութով բուրմունք են տալիս օճառին, իսկ տերևները և ծաղիկներն ունեն կաշին դաբաղելու հատկություն:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ